Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, որը ոչ միայն Մարինա Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը։ Հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր։

Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել թանգարանային այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահաղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը և «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933 թ.) ազդագիրը։ Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք։ Այն աչքի է ընկնում համեստ կահավորմամբ։

2011 թվականին պետական աջակցությամբ վերանորոգված տուն-թանգարանը 2012 թվականի դեկտեմբերի 3-ին նոր ցուցադրությամբ իր դռները բացեց արվեստասեր հասարակության առաջ։

Թանգարանի տնօրեններ 

Տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի տնօրինության տարիներին (1966-1972 թթ.) թանգարանը դարձավ մայրաքաղաքի սիրված մշակութային օջախներից մեկը։ Հիշարժան են թանգարանի պուրակում կազմակերպվող բացօթյա համերգները, որոնց մասնակցում էին անվանի արվեստագետներ, երաժիշտներ ու գրողներ՝ ԱռնոԲաբաջանյանԷդվարդ Միրզոյան, Ալեքսանդր ՀարությունյանՍիլվա ԿապուտիկյանԳևորգ ԷմինՀովհաննես Չեքիջյան և այլք։ Ինքնատիպ էր Վլադիլեն Բալյանի նախագծած թանգարանի սպենդիարյանական շնչով հագեցած ցուցադրությունը, որն արժանացավ բազմաթիվ այցելուների բարձր գնահատանքին։ Նրա ծավալած գործունեությունն ամփոփվեց Սպենդիարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի օրերին, երբ կայացան բազմաբնույթ միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Leave a comment